06/03/2020 18:48
ԵՄ դիվանագիտության ղեկավարը ողջունել է հրադադարն Իդլիբում
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է նախօրեին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված որոշումը սիրիական Իդլիբում հրադադարի մասին և խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին:
«Իհարկե, ես ուրախ եմ հրադադարի կապակցությամբ: Սա լավ նորություն է և նախադրյալ է Իդլիբի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Տեսնենք, թե ինչպես սա կաշխատի», - ասել է Բորելը խորվաթական Զագրեբում Սիրիայի հարցով ԵՄ արտգործնախարարների արտակարգ հանդիպումից առաջ:
Պատասխանելով լրագրողների հարցին` ժամանակը չէ՞ շտկել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց հիման վրա անհրաժեշտ է բարելավել շփումներն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Թուրքիայի հետ:
«Շատ թեմաներ կան, որոնք մենք պետք է քննարկենք: Հենց այդ պատճառով էլ այսօր այստեղ ենք», - պարզաբանել է Բորելը: