06/03/2020 11:18
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնող օրինագիծը
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ատելության խոսքի՝ բռնության հրապարակային կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:
Փաթեթին կողմ քվեարկեց 91, ձեռնպահ՝ 21 պատգամավոր։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ելույթում նշեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, իսկ ահա, երկրորդ ընթերցմամբ կներկայացնեն առաջարկներ:
«Լուսավոր Հայաստան»խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ իրենք կողմ կքվեարկեն, սակայն երկրորդ ընթերցմամբ քննարկման համար կներկայացնեն իրենց առաջարկությունները:
Նշենք, որ հանրային վտանգավորության տեսանկյունից բռնության հրապարակային կոչերի արարքը համարվելու է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատասխանատվություն է նախատեսվելու կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-պատիկի չափով և ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: