06/03/2020 16:07
Առաջարկում ենք կրկեսին հարակից պուրակն անվանակոչել Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ. Կարեն Քոչարյանը դիմում է քաղաքապետին
Հաղորդավար, ռեժիսոր Կարեն Քոչարյանը Երևանի քաղաքապետարանին ուղղված առաջարկով է հանդես եկել, ինչի կապակացությամբ նաև համախոհների շրջանակում ստորագրահավաք է իրականացնում: Արդեն 5 հարյուրից ավելի մարդ ստորագրել է այդ առաջարկի տակ:
«Հարգարժան պարոն քաղաքապետ, ողջունում ենք աշխարհահռչակ երգչուհի Գոհար Գասպարյանի անունով փողոց անվանակոչելու Երևանի քաղաքապետարանի ավագանու անգնահատելի որոշումը:
Այս տարի մարտի 15-ին լրանում է հայ մեծանուն արտիստ,անվանի կրկեսային գործիչ, միմոս, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 85-ամյակը: Առ այսօր Երևանում կա միայն Սոս Պետրոսյանի ստեղծած կրկեսային ստուդիա նրա անունով և Ժիրայր Դադասյանի նախաձեռնած Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային ծաղկաձորյան փառատոն: Հենց այնտեղ էլ փառատոնի շրջանակներում 2012 թվականին կանգնեցվեց Դավիթ Մինասյանի ստեղծած հուշարձանը:
Իսկ ահա դեռ 1998թ.-ին Լևոն Թոքմաջյանի ստեղծած հուշարձանը, որը կանգնած էր կրկեսի հին շենքի մոտ, այսօր արդեն չի համապատասխանում նոր շենքի ժամանակակից տեսքին:
Ուստի, Ձեր թույլտվությամբ և ավագանու որոշմամբ հուշարձանը կարելի է տեղադրել «DoubleTree by Hilton Hotel Yerevan»-ի և կրկեսի շենքի հարևանությամբ գտնվող գեղեցիկ պուրակում, ուր հետագայում կարելի է ավելացնել մեր հայկական կրկեսային կոլեկտիվի անվանի արտիստների քանդակները:
Այսօր մենք Երևանում չունենք Լեոնիդ Ենգիբարյանի անունը հավերժացնող փողոց: Առաջարկում ենք հենց այս պուրակը պաշտոնապես անվանակոչել նրա անունով:
Դրանով իսկ Դուք Ձեր անչափ կարևոր լուման կներդնեք մեծանուն արտիստի անվան հավերժացման գործում:
Սա, անկասկած, կարվի նաև մատաղ սերնդի դաստիարակության համար: Հավատում ենք այս հարցի դրական լուծմանը»,- նշել է հաղորդավարը: