07/03/2020 10:59
Աննա Հակոբյանն ու Բրազիլիայի առաջին տիկինը կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում (Palácio da Alvorada) և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին։
Երկու երկրների առաջնորդների տիկնայք նախ շրջել են Նախագահական պալատում։ Տիկին Բոլսոնարուն Աննա Հակոբյանին պատմել է պալատի կառուցման պատմությունը, ներկայացրել պալատի կտավների և քանդակների հավաքածուն։ Շրջայցից հետ՝ ճաշի սեղանի շուրջ, Աննա Հակոբյանն ու Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն խոսել են երկրների ղեկավարների տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը։
Աննա Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկնոջը ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակը։ Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն էլ պատմել է, որ իր բարեգործական գործունեության հիմնական ուղղությունը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հատկապես՝ խուլ-համրերի, սոցիալական ինտեգրումն է։ Բրազիլիայի առաջին տիկինը հետաքրքրվել է Հայաստանում տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց հարցերով։
Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին հրավիրել է Հայաստան։ Բրազիլիայի առաջին տիկինը սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա այս տարվա հոկտեմբեր ամսին։