07/03/2020 13:07
Պարագվայում Ռոնալդինյոյի ձերբակալման օրդեր են տվել
Պարագվայի գլխավոր դատախազությունը ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի ձերբակալման օրդեր է տվել՝ կեղծ անձնագրի օգտագործման համար:
«Ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մեղադրվում է կեղծ ինքնության քարտ օգտագործելու համար, գլխավոր դատախազությունը նրա ձերբակալման որոշում է կայացրել և պահանջում է նախնական կալանք», - Twitter- ում հայտնել է Պարագվայի գլխավոր դատախազությունը:
Չորեքշաբթի խուզարկություն է իրականացվել Պարագվայի հյուրանոցներից մեկում, որտեղ մնացել են Ռոնալդինյոն և նրա եղբայր Ռոբերտոն, որի ընթացքում հայտնաբերվել են այդ երկրի կեղծ անձնագրերը՝ խաղացողի և նրա հարազատի անունով: Ուրբաթ ֆուտբոլիստը դատախազությունում ցուցմունքներ տալուց հետո ազատվել է կալանքից՝ առանց մեղադրանքի:
Ըստ «ABC Color»-ի՝ Պարագվայ մեկնելու համար Ռոնալդինյոյի և նրա եղբոր կողմից օգտագործված անձնագրերը պատկանում են երկու կանանց:
Նախկին ֆուտբոլիստի նախնական ցուցմունքի համաձայն՝ նա անձնագիր է ստացել Բրազիլիայում, բայց այնուհետև Ռոնալդինյոն ասել է, որ ինքը փաստաթուղթ է ստացել Պարագվայի օդանավակայանում: