09/03/2020 17:48
Ադրբեջանում սպեկուլյանտներից ավելի քան 1 մլն բժշկական դիմակ են առգրավվել
Ադրբեջանի իրավապահ մարմինները կասեցրել են կազմակերպված խմբավորումների գործունեությունը, որոնք փորձել են բժշկական դիմակների վաճառք իրականացնել սպեկուլյատիվ գներով, նաև մաքսանենգ ճանապարհով դրանք դուրս բերել երկրից:
Օրինախախտների թվում եղել են նաև օտարերկրացի քաղաքացիներ։ Նրանց մոտից առգրավվել է 1 միլիոնից ավելի դիմակ, հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Բացահայտվել են մի քանի խմբեր, որոնց մեջ մտնում էին նաև օտարերկրացի քաղաքացիներ։ Դրանց բոլոր անդամները ձերբակալված են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարության տվյալներով՝ սպեկուլյատիվ գներով մեծ քանակությամբ բժշկական դիմակներ վաճառելու փորձի ժամանակ ձերբակալվել են Իրանի երեք քաղաքացիներ, նաև Ադրբեջանի հինգ քաղաքացիներից բաղկացած խումբ:
Մի այլ գործողության շրջանակում ձերբակալվել է Չինաստանի երկու քաղաքացի, որոնք տեղացի բնակչի գործակցությամբ գնել են մեծ քանակությամբ բժշկական դիմակներ և պատրաստվում էին դրանք ուղարկել իրենց հայրենիք:
«Ձեռնարկված միջոցների շնորհիվ խմբավորումների անդամներից որպես իրեղեն ապացույց առգրավվել է 1 միլիոն 50 հազար բժշկական դիմակ», - ասված է հաղորդագրության մեջ:
Այս պահին Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 դեպք: