10/03/2020 13:21
Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել գալ դատարան. նիստը հետաձգվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։
Նիստը հետաձգվեց, քանի որ դատարան չէր ներկայացել Ռոբերտ Քոչարյանը. Վերջինս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։ Նրա տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով։
Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին։
Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: