10/03/2020 15:57
Կորոնավիրուսը կարող է օդում պահպանվել մինչև 30 րոպե
Նոր տիպի կորոնավիրուսը կարող է փակ տարածքում օդում պահպանվել առնվազն 30 րոպե և տեղաշարժվել մինչև 4,5 մետր: Դա ավելին է, քան այն «անվտանգ տարածությունը», որը հանձնարարված է պահպանել ամբողջ աշխարհի առողջապահական մարմինների կողմից (2 մետր): Նման եզրակացության են եկել չինացի համաճարակաբաններն՝ անցկացված հետազոտությունների արդյունքում, հայտնում է «South China Morning Post» թերթը:
Գիտնականները հետազոտել են ավտոբուսում կորոնավիրուսի տարածման կոնկրետ դեպք, որտեղ հայտնվել էր ախտահարված մի չինացի՝ առանց դիմակի: Նա յոթ ուղևորի է վարակել ավտոբուսի սրահի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մի զույգի, որը նստած էր նրանից վեց շարք կամ 4,5 մետր հեռավորության վրա: Բացի այդ՝ վարակն այնուհետև փոխանցվել է հաջորդ երթուղու ուղևորին, որն արդեն ուրիշ խմբի կազմում ավտոբուս էր նստել ավտոբուսից նախորդ ուղևորների իջնելուց 30 րոպե անց:
Գիտնականները նաև պարզել են, որ կորոնավիրուսը կարող է մի քանի օր պահպանվել այն իրերի մակերևույթին, որոնց վրա ընկել են հազալիս կամ փռշտալիս շնչուղիներից արտազատված կաթիլները: Ընդ որում՝ այն ժամանակը, որի ընթացքում ինֆեկցիան շարունակում է գոյատևել արտաքին միջավայրում, կախված է ջարմաստիճանից և նյութի տեսակից: Օրինակ՝ ըստ Ցելսիուսի սանդղակի 37 աստիճանի պայմաններում, վարակը կարող է երկուսից երեք օր ակտիվ մնալ ապակու, գործվածքի, մետաղի, պլաստմասսայի կամ թղթի մակերևույթին:
Դրա հետ կապված չինացի գիտնականները հորդորում են լվանալ ձեռքերը և դիմակներ կրել հասարակական վայրերում, հատկապես՝ տրանսպորտում: