10/03/2020 18:08
«Հավատքի ուժը». Նազենի Հովհաննիսյանն իրապատում ֆիլմերի շարքով ցանկանում է ցույց տալ մարդու կյանքում տեղի ունեցող հրաշքները (Տեսանյութ)
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Նազենի Հովհաննիսյանի հեղինակած «Հավատքի ուժը» իրապատում ֆիլմի առաջին մասի պրեմիերան։
35 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է մարդկանց կյանքում տեղ գտած հրաշքների մասին։ Ներկայացվող պատմություններն իրական են։
Հեղինակի խոսքով՝ սա նոր ձևաչափ է, որն առաջին անգամ է մատուցվելու հանդիսատեսին։
«Իրապատում ֆիլմով փորձել ենք ցույց տալ այն, ինչն անհնարին է թվում։ Ժամանակակից գործիքներով տեսանալի են դառնում շատ կարևոր ասելիքներ, ու այդ գործիքներից մեկն էլ այսօր ֆիլմն է։ Մենք ծնված օրից փնտրում ենք մեզ, ու հավատքն օգնում է, որ գտնենք։ Այս ֆիլմում որևէ լեգենդ չկա, սա իրականություն է, փաստ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նազենի Հովհաննիսյանը։
Ֆիլմն այս տարի կսահմանափակվի 12 մասով։ Ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, ստեղծագործական կազմում ընդգրկված են նաև Վահե Բեգոյանը, Սոֆի Մխեյանը, Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանն ու այլք։
«Ինձ համար շատ կարևոր է, որ կարողանայինք հստակ իմանալ, ընկալել՝ ի՞նչ է հրաշքը քրիստոնյայի, հավատացյալի ընկալմամբ։ Այդ հրաշքներն անընդհատ լինում են եկեղեցուց ներս, բայց պետք է կարողանանք հավատքի շնորհիվ տեսնել այդ ամենը», - ընդգծեց Վահե Բեգոյանը։
Հրաչ Քեշիշյանի խոսքով՝ սա օնլայն, յութուբյան նախագիծ է։
«Որոշեցինք ստեղծել այս ֆիլմը, որը նպատակ ունի վերածվելու շարքի։ Սա օնլայն, «Յութուբ» պրոյեկտ է, շարունակելի ուխտագնացություն՝ հրաշքի հետևից՝ հավատքի ուժով ու վկայությամբ։ Ֆիլմը բացահայտում է, թե ինչպես կարելի է գտնել Հայ առաքելական եկեղեցու ժամանակակից հետևորդին, որը խավարամիտ չէ և հավատում է հրաշքներին», - եզրափակեց Հրաչ Քեշիշյանը։
Նշենք, որ ֆիլմն իրականացվել է «Աստվածամոր տուն» հիմնադրամի ու «HK productions» ընկերությյան միջոցներով։