11/03/2020 12:44
Միլանից և Հռոմից Երևան ժամանած ուղևորները գտնվում են իրենց տներում՝ կարանտինի մեջ
Երեկ Միլանից և Հռոմից Երևան ժամանած ուղևորները ներկա պահին գտնվում են իրենց տներում՝ կարանտինի մեջ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Վերադարձած անձանց Զվարթնոց օդանավակայանի տարածքից դուրս են բերել հատուկ ավտոբուսներով, այսինքն՝ տաքսու վարորդների հետ շփումներ չեն եղել։ Այս պահին ինքնամեկուսացման գործընթաց է կազմակերպված», - ասաց նա։
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ Միլանից և Հռոմից երեկ վերադարձած անձանցից որևէ մեկը գանգատներ չունի, լինելու դեպքում նախարարությունը լրացուցիչ կհայտնի։
Հիշեցնենք, որ երեկ Միլանից և Հռոմից Երևան վերադարձած քաղաքացիներից ոչ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ, չի արձանագրվել։ Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ աշխատանքի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը։
Հիշեցնենք նաև, որ «Ryanair» ընկերությունը մինչև ապրիլի 8-ը դադարեցնում է Երևանից դեպի Իտալիա և հետադարձ բոլոր չվերթները՝ հետևելով Իտալիայի կառավարության երկիրը փակելու որոշմանը:
Ընկերությունից տեղեկացնում են, որ բոլոր այն ուղևորները, որոնց վրա կազդի այս որոշումը, կտեղեկացվեն էլեկտորնային նամակով:
Ուղևորները, որոնք կցանկանան վերադառնալ հայրենիք, կկարողանան անվճար փոխել իրենց տոմսն ավելի վաղ նախատեսվող չվերթով, որոնք կգործեն մինչև մարտի 13-ի կեսգիշեր: