11/03/2020 17:17
Հարվի Վայնշտեյնը սպառնացել է սպանել Ջենիֆեր Էնիսթոնին
Լրատվամիջոցները կարողացել են ծանոթանալ ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի գործի նյութերին, ներառյալ՝ էլեկտրոնային նամակին, որում նա սպառնում է սպանել դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին, հայտնում է «Mirror»-ը:
«Սպանիր նրան դրա համար», - ասվում է տեքստում, որը հասցեագրված է Վայնշտեյնի ներկայացուցչին:
Պարբերականի տվյալներով՝ պրոդյուսերը, որին 2017 թվականից դատում են ոտնձգությունների համար, կարծել է, որ նաև Ջենիֆեր Էնիսթոնն է բողոքել իրավապահ մարմիններին իր դեմ: Դերասանուհու ներկայացուցիչը հերքել է այս տեղեկատվությունը:
«Վայնշտեյնը երբեք այնքան մոտ չի եղել Էնիսթոնին, որպեսզի նույնիսկ դիպչի նրան», - նշել է պրոդյուսերի ներկայացուցիչն՝ ավելացնելով, որ Ջենիֆերը երբեք Վայնշտեյնի հետ մենակ չի եղել:
Այնուամենայնիվ, 2005 թվականին Էնիսթոնը պատմել էր Վայնշտեյնի հետ կապված տհաճ միջադեպի մասին:
«Դավաճանության գինը» ֆիլմի թրեյլերի պրեմիերայի ժամանակ կազմակերպված ընթրիքին պրոդյուսերը կոպիտ դիմել է դերասանուհու ընկերոջը, որպեսզի վերջինս իր համար տեղ ազատի դերասանուհու կողքին։ Մեկ այլ անգամ էլ փորձել է դերասանուհուն ստիպել հագնել իր կնոջ բրենդային հագուստը, բայց Էնիսթոնը հրաժարվել է: