11/03/2020 09:44
«Ժողովուրդ». Կառավարությունն այս օրերին շատ լուրջ զբաղված է անցումային արդարադատության նախագիծը վերջնական տեսքի բերելու աշխատանքներով
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կառավարությունն այս օրերին շատ լուրջ զբաղված է անցումային արդարադատության նախագիծը վերջնական տեսքի բերելու աշխատանքներով: Խնդիրն այն է, որ Արդարադատության նախարարությունը պետք է այս տարվա ընթացքում արդեն ներկայացնի այն գործիքակազմը, որով գործի կդրվեն անցումային արդարադատության լծակները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ նպատակ կա առաջիկայում արդեն հստակեցնել փաստահավաք խմբի կազմը: Ինչպես հայտնի է, փաստահավաք խումբը պետք է զբաղվի 1991-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է նաև, որ իշխանությունները նպատակ ունեն փաստահավաք խմբում ներառել լուրջ անձանց, և հնարավոր է, որ այս գործընթացին որևէ մասնակցություն այդպես էլ չունենան օրենսդիրները, քանի որ պետք է խմբում լինեն շատ պրոֆեսիոնալ մարդիկ: Եվ հետաքրքիր է, որ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը մարտի 6-ին Թունիսում մասնակցում էր անցումային արդարադատության վերաբերյալ գիտաժողովին:
«Ամեն ինչ մեր ռազմավարությունում ֆիքսված է՝ այն ժամկետները, որի շրջանակներում մենք պետք է ներկայացնենք ամեն ինչ: Փաստահավաք խմբի հետ կապված՝ մենք նախագիծը կներկայացնենք, կտեղեկանաք, թե ինչի մասին է խոսքը», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է Գրիգորյանը: