11/03/2020 12:05
«Տաշիր»-ը 172,96 միլիոն ռուբլիով ձեռք է բերել Սևան–Հրազդան ՀԷԿ-ը
«ՌուսՀիդրո»-ն ավարտել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքը, որին պատկանում է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով էներգաընկերությանը:
«Ավարտվել է ռազմավարական գործարքը՝ «ՌուսՀիդրո» ՓԲԸ-ին պատկանող «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքը «Տաշիր» խմբի մաս կազմող Հրազդանի էներգետիկ ընկերությանը», - ասվում է հայտարարության մեջ:
Անցյալ տարվա դեկտեմբերին կնքված պայմանագրի պայմանների համաձայն, գնորդը վերաֆինանսավորել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի նկատմամբ «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի վարկային պարտավորությունները, որի համար գործում էր «ՌուսՀիդրո»-ի երաշխավորությունը: Դրանից հետո «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի բաժնետոմսերի 90%-ը փոխանցվել է գնորդի սեփականություն:
«Գործարքի արդյունքում «ՌուսՀիդրո» խմբի ֆինանսական պարտքի մակարդակը նվազել է 4 միլիարդ ռուբլիով, իսկ խմբի վարկային պորտֆելի վրա արտարժույթի ռիսկերը ամբողջությամբ բացառվել են: «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի վաճառքով «ՌուսՀիդրո»-ին դադարերել են պատկանել ակտիվներ՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս», - ասվում է հաղորդագրության մեջ:
Համաձայնագրի պայմաններով՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի 527 հազար բաժնետոմսերի արժեքը կազմել է 172,96 միլիոն ռուբլի (1 մլրդ 204 մլն ՀՀ դրամ)։