12/03/2020 11:22
Օդանավակայանում հսկողությունը խստացվել է
Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ այցելել է օդանավակայան:
Ավինյանի խոսքով՝ այս պահի դրությամբ արդեն իսկ կանոնակարգված պետք է տեղի ունենա Հայաստան ժամանողների ջերմաչափումը:
«Պետք է բոլոր ժամանողները լրացնեն քարտեր, այլ պարագայում նրանք հնարավորություն չպետք է ունենան մուտք գործելու», - ասաց Ավինյանը:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն ասաց, թե խստացվել է հսկողությունը օդանավակայանում:
«Անկախ ուղղությունից՝ բոլոր ուղևորները լրացնում են քարտեր, ովքեր ինքնաթիռում չեն լրացրել, վայրէջքից հետո պարտադիր լրացնում են, որ կարողանան երկիր մուտք գործել: Այսօրվա դրությամբ՝ վեց հազար երեք հարյուր հասցեական քարտ է լրացվել», - ասաց Ասոյանը:
Նա նշեց, որ հունվարի 24-ից մինչ այսօր երեք հազար ութ հարյուր քառասուն մեկ լրացված քարտ կա: