12/03/2020 18:10
Թումոյի շենքում աշխատող իտալացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. որևէ երեխա նրա հետ չի շփվել
Մեր շենքի 6-րդ հարկի շինարարությունում աշխատողներից մեկի մոտ (Aysor.am-ի տեղեկություններով՝ Իտալիայի քաղաքացի) կորոնավիրուսի թեստը դրական է եղել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թումո կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը:
Նշենք, որ 6-րդ հարկում «Ռենկո» ընկերությունը շինարարական աշխատանքներ է իրականացնում:
Վարակակիրը, ըստ մեր տեղեկությունների, իտալական «Ռենկո» շինարարական ընկերության աշխատակից է:
«Պարզել ենք՝ արդյոք այդ անձը մեզ մոտ հասանելիություն ունեցել է, հասկացանք, որ ոչ, որովհետև մենք շատ խիստ ենք մեր անվտանգության հարցում: Ավելի համոզվելու համար տեսախցիկները նայեցինք: Այդ մարդը Թումոյի հատվածում չի երևացել», - ասաց Բուդաղյանը:
Վերջինս նշեց, որ Թումոյում դասերի չեղարկման մասին որոշումն այս դեպքի հետ կապված չէ։ Բուդաղյանն ընդգծեց, որ մի քանի օր է ղեկավար կազմի հետ քննարկել են դասերը հետաձգելու որոշումը:
«Այսօր նախապատրաստվում էինք այս հայտարարությանը և այնպես եղավ, որ այդ լուրը համընկավ: Մենք վտանգ այդ մարդուց չեն տեսնում, մենք փակում ենք Թումոն, որովհտեև շատ երեխա է մեզ մոտ գնում-գալիս: Ես վստահ կարող եմ ասել՝ որևէ երեխա Թումոյում այդ մարդու հետ չի շփվել», - ընդգծեց նա: