12/03/2020 11:45
Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում բոլորին կոչ արեց չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության և կառավարության նկատմամբ
Ամուլսարի խնդրի խորքային պատճառն այն է, որ մենք չունենք և չենք ունեցել վստահելի ինստիտուտներ, Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ մի ընդգծում անել այն հայրենակիցների համար, ովքեր մտածում են, որ հեղափոխությունից հետո կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում Ամուլսարի հարցը մեկընդմիշտ լուծելու համար։ Եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց, շատ վաղուց շահագործվելիս կլիներ», - հայտարարեց Փաշինյանը։
Նա բոլորին կոչ արեց չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության և կառավարության նկատմամբ։
«Այն մարդիկ, ովքեր կկորցնեն հարգալից վերաբերմունքը, թող հիշեն իրենց հեղափոխությունից առաջ և իրավիճակը հեղափոխությունից առաջ։ Ամուլսարի հարցում ես ունեմ մի մեծ անհամաձայնություն շատ-շատերի հետ։ Այդ անհամաձայնությունը հետևյալն է, որ մեր շատ հայրենակիցներ, երբ ասում են, որ հանքը պետք է չաշխատի, մեր ուրիշ հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է աշխատի։ Ես երկուսի հետ էլ անհամաձայնություն ունեմ։ Ես ասում եմ, որ մենք մինչև վերջ պետք է գնանք ճշմարտության հետևից։ Դա հեշտ ճանապարհ չի», - հայտարարեց վարչապետը։
Նա ասաց, թե շատերն են իրեն հարցնում, թե ո՞րն է իր մարտավարությունը և ռազմավարությունը Ամուլսարի հարցում։
«Իմ պատասխանը չի փոխվում՝ մինչև վերջ գնալ ճշմարտության հետևից։ Գնալ, չվախենալ», - ասաց վարչապետը։