13/03/2020 22:59
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 13-ի
Մարտի մեկից մեկուսացված 31 քաղաքացիներից 2-ի մոտ կորոնավիրուսը հաստատվել է, նրանք կտեղափոխվեն հիվանդանոց, մյուս 28-ը կգնա տուն: Եվս մեկը, որը վարակված երկու քաղաքացիների ընտանիքի անդամ է, սակայն այս պահին չունի կորոնավիրուս, կշարունակի մնալ մեկուսացման մեջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ Էջմիածնից մեկուսացված ևս 3 քաղաքացու մոտ է ախտորոշվել կորոնավիրուս.
«Այստեղ նորության լավ հատվածն այն է, որ մեկուսացված քաղաքացիներ մեջ է հաստատվել և այս պահի դրությամբ ևս մեկ քաղաքացի ունենք Ֆրանսիայից, որը եկել է և նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս», - ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ Էջմիածնից մեկուսացվածների թիվը հասնում է մոտ 100-ի:
Ինչ վերաբերում է հայտնի դարձած նշանադրության արարողությանը, որին մասնակցել է վարակակիր քաղաքացիներից մեկը, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տվյալ դեպքում եղել է որոշակի կոնֆլիկտային իրավիճակ, երբ հիվանդության մեջ կասկածվող անձինք չեն ցանկացել ենթարկվել բուժաշխատողների հորդորներին և ջերմաչափում կատարել:
Նա ընդգծեց՝ այս պահին չկա օրենսդրական կարգավորում, որով կարելի է քաղաքացուն ստիպել դա անել, բայց ինքը հանձնարարել է կարգավորել այդ հարցը: