13/03/2020 16:19
Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն. ԱՆ
Մարտի 13-ի, ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Վերջին 4 դեպքը փոխկապակցված է հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ, որոնք օրեր առաջ մեկուսացվել էին:
Ավելացնենք, որ մարտի 1-ին կարանտինային գոտի տեղափոխված քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ։
Առողջապահության նախարարությունը կոչ է անում`
Խուսափե՛լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, իսկ անհնարինության դեպքում` օգտագործե՛լ անհատական պաշտպանիչ միջոցներ(դիմակներ),
Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե՛լ բժշկի: