14/03/2020 12:16
Հայաստան-Վրաստան ցամաքային և օդային գոտին մինչև մարտի 24-ը ներառյալ փակ կլինի․ ԱԳՆ
Վրաստանի հետ ցամաքային և օդային գոտին մինչև մարտի 24-ը ներառյալ փակ կլինի, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը:
Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց:
Հայաստան և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը», - ասված է հաղորդակցության մեջ: