14/03/2020 22:39
Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին լինելու համար. Տաթևիկ Ռևազյան
Լրատվականներից մեկը քիչ առաջ տեղեկություն է հրապարակել, ըստ որի Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Տաթևիկ Ռևազյանի հետ։ Նա տեղեկացրել է, որ հղիության առիթով այժմ արձակուրդում է։
«Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին լինելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից», - նշել է Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։
Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ Ռևազյանն ասել է, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։
«Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ», - հայտնել է Ռևազյանը։
Քաղավիացիայի վարչության պետը տեղեկացրել է նաև, որ շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ նույնիսկ ֆիզարձակուրդի ընթացքում։