15/03/2020 19:30
Թրամփն ԱՄՆ է կանչում գիտնականներին, որոնք պատվաստանյութ են ստեղծում COVID-19-ի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է երկիր բերել գերմանացի գիտնականներին, որոնք աշխատանքներ են տանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Այդ մասին կիրակի հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով տաբլոիդների տվյալներին:
Այսպես, «Welt am Sonntag» հրատարակությունը՝ հղում անելով գերմանական կառավարության աղբյուրին, նշել է, որ խոսքը գերմանական Թյուբինգենում տեղակայված «CureVac» ընկերության գիտնականների մասին է:
Ենթադրվում է, որ ամերիկյան առաջնորդն առաջարկում է մեծ գումարներ՝ նպատակ ունենալով կա՛մ նրանց Միացյալ Նահանգներ տեղափոխել, կա՛մ պատվաստանյութ ստանալ բացառիկ կարգով իր երկրի համար:
Պարբերականի որոշ լրագրողների կարծիքով, այս իրավիճակը հանգեցրել է «անուղղակի, բայց շոշափելի վեճի» ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև, որը ցանկանում է, որ «CureVac»-ը շարունակի պատվաստանյութ մշակել Գերմանիայում: Նշվում է, որ պատվաստանյութը մշակվում է գերմանական դաշնային ինստիտուտ Փաոլ Էրլիխի հետ համատեղ:
«Դաշնային կառավարությունը շատ շահագրգռված է, որպեսզի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն ու դեղամիջոցները մշակվեն Գերմանիայում և Եվրոպայում: Այս առումով կառավարությունը ինտենսիվ կապի մեջ է «CureVac»-ի հետ», - ասել է Առողջապահության դաշնային նախարարության ներկայացուցիչը: