16/03/2020 10:47
Էջմիածնի քաղաքապետը հորդորում է չտարածել կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջ լուսանկարն ու չվիրավորել նրան
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ՄԻՊ Արման Թաթոյանի հետ քննարկել է կորանվիրուսով վարակված Էջմիածնի բնակչի հասցեին համացանցում հնչող վիրավորանքը։
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, որի ընթացքում հայտնեցի մտահոգությունս մեր համաքաղաքացի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների ու անպարկեշտ արտահայտությունների կապակցությամբ:
Պարոն Թաթոյանի հետ համակարծիք էինք, որ անթույլատրելի և խիստ դատապարտելի են կնոջ անձնական կյանքի անձեռնմխելիության, պատվի ու արժանապատվության իրավունքների կոպտագույն խախտումները: Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել ինչպես բարձրաձայնված խնդիրը, այդպես էլ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված մի քանի հարցեր:
Հարգելի՛ հետևորդներ, խնդրում, հորդորում և պահանջում եմ զերծ մնալ մեր համաքաղաքացու հասցեին հնչող վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև վերջինիս լուսանկարները տարածելուց. դա դատապարտելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից‼️
Հ.Գ. Հայտնում եմ, որ կջնջվեն նաև այս գրառման տակ արվող ոչ կոռեկտ արտահայտությունները», - գրել է նա: