16/03/2020 11:30
Վարչական վարույթներ կհարուցվեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս պայմաններում կզբաղվեն բացօթյա առևտրով․ Էջմիածնի քաղաքապետ
Երեկվանից ախտահանվում են Էջմիածնի հիմնական փողոցները, մայթերն ու կանգառները, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Բանուկ փողոցներն ու մայթերն ախտահանվում են քլորով։ Քաղաքապետարանը մթերել է մեծ քանակությամբ բժշկական սպիրտ՝ բռնակները, ապակիները, երկաթյա մակերևույթները ախտահանելու համար», - ասաց նա։
Գասպարյանն ընդգծեց, որ տնտեսվարողներին կտրամադրվի ախտահանող նյութերի անհրաժեշտ քանակը՝ իրենց տարածքներն ախտահանելու համար։
«Անկախ նրանից տնտեսավորղները կդիմեն, չէ թե, հանրային սննդի կետերին և մթերային խանութներին քաղաքապետարանը կբաժանի բժշկական սպիրտ ու քլոր և կհետևի, որպեսզի այդ տարածքները ախտահանվեն», - ընդգծեց Գասպարյանը։
Նա նաև կոչ արեց չօգտվել բացօթյա առևտրի կետերից․
«Քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ մեկտեղ իրականացնում են միջոցառումներ, այդ թվում նաև վարչական վարույթներ են հարուցվելու այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս պայմաններում կզբաղվեն բացօթյա առևտրով»։