16/03/2020 13:30
Կանխատեսում. կորոնավիրուսի համաճարակը կտևի մինչև 2021-ը, 7,9 միլիոն բրիտանացի կվարակվի
Կորոնավիրուսով վարակի համաճարակը Մեծ Բրիտանիայում կտևի մինչև հաջորդ տարվա գարուն և կարող է հանգեցնել 7,9 միլիոն մարդու հոսպիտալացման:
Ըստ «Եվրոպական ճշմարտության»՝ այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի զեկույցի:
«Սա առաջին փաստաթուղթն է, որում վիրուսով զբաղվող առողջապահության ոլորտի ղեկավարները խոստովանել են, որ ակնկալում են, թե այն կտևի ևս 12 ամիս, ինչը կհանգեցնի հսկայական լրացուցիչ բեռի արդեն ծանրաբեռնված NHS- ի վրա», - ասվում է հոդվածում:
Փաստաթղթում նշվում է, որ առողջապահության ղեկավարները պատրաստվում են այն բանին, որ այս ընթացքում բրիտանացիների 80%-ը վարակվելու է կորոնավիրուսով:
Կառավարության գլխավոր բժշկական խորհրդական, պրոֆեսոր Քրիս Ուիթին նախկինում այս ցուցանիշը բնութագրում էր որպես ամենավատ դեպքերի սցենար և առաջարկում էր, որ իրական թիվը դրանից պակաս լինի: Այնուամենայնիվ, ըստ զեկույցի՝ «սպասվում է», որ հինգ քաղաքացիներից 4-ը վիրուսով կվարակվի:
«Սպասվում է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում բնակչության մինչև 80%-ը վարակվելու է Covid-19- ով, իսկ մինչև 15%-ին (7,9 միլիոն մարդ) կարող է պահանջվել հոսպիտալացում», - ասվում է փաստաթղթում: