16/03/2020 18:13
Երկու շաբաթ առաջ որոշ տհասներ սխալ մեկնաբանեցին կարանտինի մասին իմ ասածը. Գագիկ Ծառուկյան
Անցած անգամ հումորով ասել էի, հիմա էլ եմ հումորով ասում, որ լավ մարդկանց կորոնավիրուսը չի դիպչում, լրագրողների հետ զրույցում ասաց առանց բժշկական դիմակի խորհրդարան եկած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հարցին՝ որպես սեփականատեր որքանո՞վ է պատրաստ օգնելու պետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում, գուցե, իր ընտանիքին պատկանող հյուրանոցներից մեկը տրամադրի մարդկանց մեկուսացնելու համար, նա պատասխանեց.
«Հյուրանոցում մարդիկ են մնում: Ինչով որ պետք լինի, մենք պատրաստակամ ենք: Ամենակարևորն այսօր ժողովրդի առողջական վիճակն է, այն պետք է ապահովվի: Երկու շաբաթ առաջ ես ասեցի, որ մոտեցումներն ինձ դուր չեն գալիս, այսինքն՝ եթե մեր հայրենակիցները գալիս են Պարսկաստանից, պետք է իրենց 14 օր կարանտինի մեջ պահեին: Որոշ տհասներ սխալ մեկնաբանեցին իմ ասածը: Պետք է քայլեր ձեռնարկեին, մարդիկ պետք է գործ կատարեին: Ասողին լսող է պետք»: