16/03/2020 22:43
Մարտի 18-ից մայիսի 1-ը Ռուսաստանը կսահմանափակի օտարերկրացիների մուտքը երկիր
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը մի շարք երկրների կառավարությունների ղեկավարներին տեղեկացրել է մարտի 18-ի կեսգիշերից արտասահմանյան քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստան ժամանակավորապես սահմանափակելու որոշման մասին:
Անցած երկու օրվա ընթացքում Միշուստինը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի (երկու անգամ), Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի, Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալիմ Աբիլգազիևի, Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի և Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսով վարակի հետ կապված իրավիճակը: Միխայիլ Միշուստինը կառավարության ղեկավարներին տեղեկացրել է, որ պետության անվտանգությունն ապահովելու, հանրային առողջությունը պաշտպանելու և կորոնավիրուսով վարակը չտարածելու նատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել 2020 թվականի մարտի 18-ից տեղական ժամանակով 00:00-ից մինչև 2020 թվականի մայիսի 1-ը ժամը 00:00-ն ժամանակավորապես սահմանափակել մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար», - նշվում է հաղորդագրության մեջ: