16/03/2020 18:45
Փաստաբանական թիմը Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն կներկայացնի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, վաղը՝ մարտի 17-ին, ժամը 13։00-ին կշարունակի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները։ Սույն քրեական գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է մարտի 17-ին կայանալիք նիստին ներկայացնել Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Նախորդ շաբաթվա վերջում Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, իսկ այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ մինչ օրս շարունակում է ստանալ ստացիոնար բուժում։ Եթե բժշկական հստակ հակացուցում չլինի, հավանական է, որ Ռ․ Քոչարյանը կարճ ժամանակով կարողանա ներկա գտնվել վաղվա դատական նիստին։
Հաշվի առնելով, որ անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի, Փաստաբանական թիմը գտնում է, որ անձնական երաշխավորության միջնորդությունը պետք է քննարկվի հրատապության կարգով։
Նաև, հաշվի առնելով, որ ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն և ձեռնարկվում են կորոնավիրուսի նոր տեսակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝ հորդորում ենք Ռոբերտ Քոչարյանի և դատավարության մյուս կողմի ներկայացուցիչներին ու նրանց աջակիցներին չմասնակցել դատական նիստին և դատավարությանը հետևել ուղիղ եթերով։