16/03/2020 15:41
Արտակարգ դրության պայմաններում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը կսահմանափակվի. կլինեն նաև զննումներ
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում (այսուհետ` անցակետ) սահմանվում է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ` սույն հավելվածի համաձայն:
Անցակետով թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: Անցակետով արգելվում է այն անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործում Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից), բացառությամբ`
1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների.
2) այն դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է սույն կետով նախատեսված երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից) անձանց մուտք գործելը.
3) պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի:
Ցամաքային սահմանի անցակետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ սույն հավելվածով:
Սույն գլխի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում այն անձանց նկատմամբ, որոնք արտակարգ դրություն հայտարարելու պահին վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, նրանց Հայաստանի Հանրապետության տարածք մինչև 17.03.2020թ․ մուտք գործելու պայմանով:
Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի ախտանիշների բացահայտման նպատակով, ախտանիշների առկայության դեպքում իրականացվում է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, մեկուսացումից (ինքնամեկուսացումից) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում անձինք կարող են ժամանակավորապես մեկուսացվել պարետի կողմից սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված` համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից ժամանած անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման: Ինքնամեկուսացումը հիվանդի կամ հիվանդի հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն է իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները`
համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի.
անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում) իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում.
սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում.
անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ.
տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց (բուժանձնակազմի), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և պետական կառավարման համակարգի այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը: