16/03/2020 14:20
Անհրաժեշտ է արտակարգ դրության ենթատեքստում նախատեսել խոսքի ազատության, տեղեկատվություն ստանալու և փոխանցելու իրավունքի որոշակի սահմանափակումներ. Քաղաքագետ
Ստեղծված իրավիճակը և մեր համեստ փորձը հուշում են, որ ժամն է արդեն գործելու արտակարգ ռեժիմով։ Մեր երկիրը ճգնաժամեր հաղթահարելու ու ճգնաժամային վիճակները կառավարելու փորձ ունի, և մենք կարող ենք միասնաբար նվազ կորուստներով դուրս գալ նոր կորոնավիրուսի ճիրաններից, Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը:
«ԿՈՉ ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ
Հարգարժան կառավարություն,
Սիրելի համաքաղաքացիներ,
Գործընկերներ,
Ստեղծված իրավիճակը և մեր համեստ փորձը հուշում են, որ ժամն է արդեն գործելու արտակարգ ռեժիմով։ Մեր երկիրը ճգնաժամեր հաղթահարելու ու ճգնաժամային վիճակները կառավարելու փորձ ունի, և մենք կարող ենք միասնաբար նվազ կորուստներով դուրս գալ նոր կորոնավիրուսի ճիրաններից։
Չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել, որովհետև բազմաթիվ ոլորտների չեմ տիրապետում, որոշների մասին ունեմ մակերեսային պատկերացումներ, այդ դաշտ չեմ մտնում, բայց կոչ եմ անում՝ արտակարգ միջոցառումների գործընթացում ներգրավել տարբեր ոլորտների կարող ուժերին։ Հիշեք՝ ճգնաժամը միայն առողջապահական չէ։
Մեր ոլորտը ես համարում եմ տեղեկատվությունն ու սոցիալական գործընթացները։ Մենք պրակտիկ աշխատանքի երկու տասնամյակի փորձ ունենք, նաև՝ ճգնաժամային իրավիճակում տեղեկատվական հոսքերը կառավարելու փորձ։ Մասնակցել ենք «Շանթ» զորավարժությունների մշակմանն ու անցկացմանը (գիտենք նաև, որ ոլորտի ներկայիս պատասխանատուները ևս այդ փորձառությունը ձեռք են բերել) և հուսամ ստորև շարադրված խորհուրդները հնչեցնելու իրավունք ունենք։
Ստեղծված իրավիճակի դետերմինանտներից նոր կորոնավիրուսին գրեթե հավասար տեղեկատվական տարածքն է։ Դա այլևս փաստ է, ապացուցման կարիք չունի։ Սոցիալական ցանցերի դարաշրջանում պանդեմիան ու դրա սպառնալիքներն այլ են, քան քարի, կամ նույնիսկ հեռուստատեսության դարաշրջանում։ Հետևաբար՝ առողջապահության ոլորտին զուգահեռ արտակարգ միջոցառումներ են պետք նաև տեղեկատվական տարածքում։ Ուստի՝
1. Անհրաժեշտ է սահմանել արտակարգ դրության ռեժիմ։ Սա հնարավորություն է տալու սահմանափակումներ նախատեսող բոլոր գործողություններն իրականացնել հանրապետության օրենսդրական կարգավորումների ներքո։
2. Անհրաժեշտ է արտակարգ դրության ենթատեքստում նախատեսել խոսքի ազատության, տեղեկատվություն ստանալու և փոխանցելու իրավունքի որոշակի սահմանափակումներ։ Այդ սահմանափակումները պետք է միտված լինեն ոչ թե հանրությանն առհասարակ լռեցնելու, այլ՝ այնպիսի տեղեկությունների տարածմանը, կամ տեղեկություններ հավաքելու այնպիսի գործողություններին, որոնք Ա/ կարող են վարակի տարածման սպառնալիքներ պարունակել (օրինակ՝ լրագրողի, բլոգերի կամ հասարակ քաղաքացու անարգել մուտքը բուժհիմնարկ), Բ/ խուճապային տրամադրություններ սերմանել։ Այս սահմանափակումները կարելի է շարադրել, կարելի է նաև ժամանակի ընթացքում լրացնել։ ԿԱՐԵՎՈՐԸ՝ դրանք պետք է միտված լինեն վարակի ու խուճապի տարածումը կանխելուն։
3. Անհրաժեշտ է, որպեսզի պետությունը ստեղծի օպերատիվ միասնական տեղեկատվական շտաբ, և կենտրոնացված ձևով տեղեկատվություն մատուցի հանրությանը, նաև պատասխանի քաղաքացիներին հուզող հարցերին։ Դա պետք է արվի կենտրոնացված, որպեսզի պետական տարբեր գերատեսչությունները ևս հաղորդվելիք տեղեկությունները ճշտեն միմյանց հետ։ Չստացվի այնպես, որ որևէ պաշտոնյա մի բան է հայտարարում, հինգ րոպե հետո նրա գործընկերը հերքում դա։
Պաշտոնական տեղեկատվությունը պետք է լինի ինտենսիվ (ընդմիջումներն ինքին անորոշություններ են ծնում, ավելի լավ է հայտնել, որ այս պահի դրությամբ նոր վարակակիրներ չկան, քան 6-ժամյա դադար վերցնել), տեղին, անհրաժեշտ ծավալով և ամենակարևորը՝ ճշգրիտ ու ազնիվ։ Եթե պետությունը վստահություն վայելի, մարդիկ այլընտրանքային աղբյուրներ չեն որոնի։
4. Անհրաժեշտ է օրինական գործիքներով, նաև կոչերով հորդորել, որպեսզի թե լրատվամիջոցները, թե քաղաքացիները ապավինեն բացառապես պետության կողմից պաշտոնապես տրամադրված տեղեկատվությանը։ Դադարեն շրջանառել չճշտված տեղեկություններ։ Իսկ եթե կան շշուկներ կամ այլ աղբյուրներից եկած տեղեկություններ, անհրաժեշտ է օպերատիվ տեղեկատվական շտաբից ճշտել, նոր հաղորդել։ Այստեղ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ազնվությունն է։ Մոնթե Մելքոնյան վարժարանի հետ կապված փաստը վկայում է, որ պետությունն այնքան էլ ազնիվ չի եղել ու փորձել է բառախաղի միջոցով կեղծ տեղեկություն մատուցել։ Սա լավ նախադեպ չէ, պետք է խուսափել նման բաներից (ի դեպ, ցանկալի կլինի, որ Կարմենին վիրավորած անձինք մի կողմ թողնեն իրենց բարձրությունն ու վիրավորելու համար ներողություն խնդրեն)։
5. Օպերատիվ շտաբը, ի դեմս տարբեր պաշտոնյաների պետք է գտնի առաջատար ու ազդեցիկ, ինչպես նաև կարևոր լրատվամիջոցների խմբագիրների հետ ճիշտ հաղորդակցվելու գործիքներ։ Այդ մարդիկ ունեն տեղեկատվական հոսքերը կառավարելու, տեղեկությունը ճիշտ ու գրագետ մատուցելու հսկայական փորձ ու հնարավորություն։ Աշխատեք նրանց հետ։
6. Օպերատիվ շտաբի աշխատանքներին կարող են ներգրավվել նաև քաղաքացիական հասարակության և մասնավոր սեկտորի ներկայացուցիչները։ Ժամանակի ընթացքում մենք ունենալու ենք հարցեր՝ կապված պարենային անվտանգության, կամավորական ջանքերի, սոցիալական աշխատանքների հետ, և ցանկալի է, որ դրանց հետ կապված հարցերը պարզաբանվեն կենտրոնացված եղանակով։
7. Իրենց բնակարաններում մեկուսացված քաղաքացիները, հատկապես երիտասարդ տարիքի, հիմնականում անգործության բերումով այս օրերին դարձել են մեծ ծավալի տեղեկատվություն գեներացնողներ և սպառողներ։ Պետք է ոչ թե խոչընդոտել դրան, այլ փորձել ավելի կառուցողական հուն տեղափոխել։ Օրինակ.
Ա/ Մասնագետների ներգրավմամբ օգտակար խորհուրդներ տալ քաղաքացիներին՝ կապված հիգիենայի կանոնների, փակ տարածքում մեկուսանալու պայմանների, հիվանդության նախանշանների հայտնաբերման և այլնի շուրջ։
Բ/ Արագ գեներացնել կյանքը վիրտուալիզացնելու գործիքներ։ Օրինակ՝ ոչինչ չի խանգարում, որ ամենատարբեր ուսուցիչներն ու դասախոսներն այս օրերին հետաքրքիր թեմաներով վեբինարներ, ուսուցողական կուրսեր անցկացնեն։
Գ/ Շատ ավելի զիլ կլինի, եթե միասնական դրական լիցքեր տարածելու ու անիմաստ խուճապային տրամադրությունները ցրելու գործընթացին միանան արվեստագետները, հոգևորականները, տարբեր մասնագիտությունների տեր անձինք։ Ոչինչ չի խանգարում, որ տաղանդավոր մարդիկ իրենց մեկուսացման հասցեներից առցանց համերգներ կամ այլ միջոցառումներ մատուցեն, իսկ մեկ այլ հասցեում մեկուսացած լսարանը սպառի այդ պոզիտիվ բովանդակությունը, այլ ոչ թե կառչի Առողջապահական համաշխարհային կազմակերպության կայքից։
Վստահեցնում եմ, եթե լինեն խաղի հստակ կանոններ, ճիշտ մոտեցում, մենք բոլորս կհամախմբվենք պետության շուրջը ու միասնական ջանքերով կհաղթահարենք այս մարտահրավերը ևս», - գրել է նա: