16/03/2020 19:52
Ովքեր կարող են արտակարգ դրության ժամանակ մուտք և ելք ունենալ ՀՀ տարածք
Կառավարության արտահերթ նիստում այսօր որոշվեց, որ արտակարգ դրության ընթացքում անցակետով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անդամների, պաշտոնական այցով ՀՀ ժամանող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների, ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամաների, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը ՀՀ տարածք:
Ինչպես նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անցակետով արգեվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք Հայաստան են գալիս պարետի որոշմամբ սահմանված ցանկի երկրներից կամ, եթե վերջին 14 օրվա ընթացքում եղել են նշված երկրներում:
«Այս կանոնից բացառություն են կազմում դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքները:
Ցամաքային սահմանի անցակետով ՀՀ քաղաքացիների ելքն արգելում է՝ բացառությամբ ապրանքների փոխադրում իրականացնող անձանց», - նշեց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին վերջնական ճշգրտումներ արեց՝ արձանագրելով.
«ՀՀ բոլոր քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին՝ առանց բացառության, թույլատրվում է մուտքը ՀՀ տարածք: Օրինական կացության իրավուքն ունեցող անձանց թույլատրվում է:
Արգելվում է միայն այն քաղաքացիների մուտքը, որոնք առողջապահության նախարարի որոշմամբ գալիս են այն երկրներից, որտեղ համաճարակային վիճակը ծանր է կամ վերջին 14 օրում եղել են այդ երկրներում:
Ելքի հետ կապված. ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների ելքն արգելվում է՝ բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների վարորդների:
ՀՀ քաղաքացիներին օդային ճանապարհով ելքը թույլատրվում է բոլոր այն դեպքերում, երբ ընդունող երկիրը դեմ չէ մեր քաղաքացուն ընդունել: Օտարերկրյա քաղաքացիներին օդային ճանապարհով էլի թույլատրվում է ելքը, բայց ցամաքային ճանապարհով չի թույլատրվում:
Այսինքն՝ ՀՀ տարածքից, եթե բեռնափոխադրում իրականացնող վարորդ չես, հնարավոր է դուրս գալ միայն օդային ճանապարհով: Պարետին լիազորություններ են տրվում մուտքի, բայց ոչ ելքի մասով»: