17/03/2020 14:11
Դատական նիստ չլինելու մասին հեռախոսով տեղեկացնելը մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր. Հայկ Ալումյան
Երբ մեզ հեռախոսով տեղեկացնում են, որ դատական նիստ չի լինելու, դա պատշաճ ծանուցման ձև չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Մեզ այսօր հեռախոսազանգի միջոցով տեղեկարեցին, որ դատական նիստ չի լինելու: Դա պատշաճ տեղեկացում չէր: Մենք եկանք այստեղ, որպեսզի նիստերի քարտուղարից կամ իրավասու մեկից լսենք, թե ինչու դատական նիստը չի կայանալու: Համբերատար սպասում էինք որոշ ժամանակ, մինչև մեկնումեկը կտեղեկացներ՝ ինչ է կատարվում: Կարգադրիչներին խնդրել էինք, որպեսզի իրենք տեղեկացնեն դատարանի կազմին, որ մեզ ինչ-որ ձևով բացատրեն՝ ինչ է տեղի ունենում:
Նիստերի քարտուղարը, թե դատավորի օգնականը փորձեց պարոն Խուդոյանին դահլիճից դուրս ինչ-որ խոսակցության հրավիրել, որպեսզի բացատրի՝ ինչու դատական նիստը տեղի չի ունենալու: Բայց դա ձև չէ, դա բացատրություններ ներկայացնելու քաղաքակիրթ և օրինական ընթացակարգ չէ: Դրա համար մենք ասացինք, որ դատարանի դահլիճում կմնանք այնքան ժամանակ, մինչև որևիցե մեկը կբացատրի՝ ինչու դատական նիստը տեղի չի ունենալու, երբ է կանխատեսվում դատավորի վերադարձը, մոտավորապես երբ պետք է սպասել հաջորդ դատական նիստին», - նշեց փաստաբանը:
Հայկ Ալումյանը միաժամանակ տեղեկացրեց, որ մինչ իրենք սպասում էին, կարգադրիչների միջոցով իրենց տեղեկացրել են՝ ոչ ոք չի պատրաստվում իջնել դատարանի դահլիճ և բացատրություններ տալ:
«Հավանաբար իրենց պատվից ցածր համարեցին գալ, մեզ բացատրել: Դա մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր: Մենք ուզեցինք ցույց տալ, որ կարող է պատահի՝ փոխադարձ և ավելի ցայտուն անարգանք մենք փորձենք դրսևորել: Դրանից հետո եկավ մի կին, ներկայացավ դատարանի պատասխանատու, շատ քաղաքավարի ներկայացրեց, թե ինչու դատական նիստը տեղի չի ունենալու, որից հետո դուրս եկանք և խնդիրը համարեցինք սպառված», - նշեց փաստաբանը: