17/03/2020 10:00
«Իրատես». Քանի՞ նախարար ու բարձրաստիճան պաշտոնյա կհետևեն Հրայր Թովմասյանի քայլին
«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին բուժաշխատողներն իսկապես տիտանական աշխատանք են կատարում, գերծանրաբեռնված աշխատում են ողջ օրը՝ իրենց առողջությունը վտանգի ենթարկելով։ Գովելի է նաև հանրության վերաբերմունքը նրանց հանդեպ. արդեն մի քանի օր է համացանցում շատերը երախտիքի խոսք են ուղղում նրանց։ Եթե շարքային քաղաքացիների դեպքում դա սահմանափակվում է խոսքերով ու գնահատանքով, իշխանության պարագայում դրան պետք է գումարվի նաև, ինչպես իրենք են ասում, աշխատանքի մոտիվացիան, այլ կերպ ասած՝ պարգևատրումը։ Ու գուցե այս անգամ իրական աշխատանքը գնահատվի։
Երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շատ կարևոր ազդակ ուղղեց իշխանություններին։ Նա հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին»։ Հետաքրքիր է, քանի՞ նախարար ու բարձրաստիճան պաշտոնյա կհետևեն այս քայլին, քանի՞սը կկարողանան հսկայական պարգևավճարներից գոնե մեկ ամիս հրաժարվել ու այն ուղղել այդ պարգևատրմանն իրականում արժանի մարդկանց։
Այս քայլն իրագործելու համար Հրայր Թովմասյանին չխանգարեց անգամ այն, որ իրեն նախկին ռեժիմի «սպասարկու» են որակում, տեսնենք, թե ժողովրդի իշխանության «ռահվիրաներից» քանիսն իրենց մեջ այդ «ուժը» կգտնեն ու կհրաժարվեն գոնե մեկ ամիս «օդից ընկած» պարգևատրումից»: