17/03/2020 11:52
Խորհրդարանը հետաձգեց «Բանկային գաղտնիքի մասին» նախագծի քննարկումը՝ բանկերին չծանրաբեռնելու համար
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հարցերի հիմնական հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ գալիք քառօրյայի նստաշրջան չընդգրկել՝ հետաձգելով այն երկու ամիս։
«Իմ քայլի» պատգամավոր Եղիշե Սողոմանյանն առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը՝ հաշվի առնելով երեկվանից հանրապետությունում գործող արտակարգ դրությունով պայմանավորված ԿԲ ծանրաբեռնվածությունը։
«Քանի որ ԿԲ-ն և առտևային բանկերը արտակարգ պայմաններում են գործում, փորձենք նախագծերի մասով այնպիսի մոտեցում ցուցաբերել, որ ԿԲ-ին և վարկային կազմակերպություններին նոր նախագծերով չծանրաբեռնենք այս շրջանում, որպեսզի բանկերը կարողանան կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք առաջացել են երկրում այս իրավիճակի պարագայում։ Գիտենք, որ վարկառումների մասով բանկերը որոշակի զիջումների են գնում, վերակառուցման, ծրագրային ապահովման փոփոխությունների կարիք կա։ Նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն լուծելու», – ասաց պատգամավորը։
Հանձնաժողովը համաձայնության եկավ հետաձգել նախագծի քվեարկությունը երկու ամսով։