17/03/2020 17:31
Վարչապետի մոտ քննարկվել է Զինված ուժերում սննդի մատակարարման նոր համակարգի ներդրման ծրագրի ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցեր, հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Քննարկմանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը և ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմի պաշտոնատար անձինք, սննդի մատակարարման գործընթացում ներգրավված տեղական մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք:
Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է.
«Հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցերը: Հատկապես հիմա այս քննարկումն առավել կարևորվում է, որովհետև մենք ի սկզբանե այս ծրագիրը դիտարկել ենք որպես աջակցություն մեր ներքին շուկային, և մանավանդ այսօրվա ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է, որ մենք կարողանանք արդյունավետ շարունակել այս ծրագիրը, բայց նաև պատասխան ունենանք բոլոր հարցերին»:
Խորհրդակցությանն արծարծվել են ԶՈՒ-ում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման ընթացքին առնչվող հարցեր: Ներկայացվել են պիլոտային ծրագրի շրջանակում Պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ ՊՎԾ կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, գործընթացի լիարժեք կազմակերպման արդյունավետ մեխանիզմների, ծառայությունների մատուցման ամբողջական շղթայի ձևավորման ուղղությամբ անելիքների, առկա խնդիրների և հետագա քայլերի շուրջ:
Վարչապետը նկատել է՝ պետության առաջնահերթություններից է Զինված ուժերին որակյալ սննդի մատակարարման արդյունավետ համակարգի ձևավորումը, և այս գործընթացը պետք է կազմակերպել առավելագույնս թափանցիկ՝ բացառելով որևէ չարաշահում:
Հետագա անելիքների համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գործընթացն իրականացնել մրցութային ընթացակարգերով՝ ընդգծելով, որ մրցույթների օրինականության և թափանցիկության առումով որևէ կասկած չպետք է լինի, և առկա խնդիրների լուծմանը պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում:
Կառավարության ղեկավարը ողջունել և կարևորել է փոխգործակցության մթնոլորտում աշխատանքների շարունակականությունը և տվել համապատասխան հանձնարարականներ: