17/03/2020 12:14
Ոստիկանությունը կոչ է անում անձնագրային ծառայություններ այցելել միայնակ՝ խիստ անհրաժեշտության դեպքում
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել։
«Հարգելի քաղաքացինե՛ր, հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք՝
անձնագրային և վիզաների վարչության, ճանապարհային ոստիկանության վարչական մասի, ինչպես և այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և միայնակ, առանց ուղեկցող կողմնակի անձանց։
Տեղեկացնում ենք նաև, որ բացի անձնագիր ստանալու և ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով, հետևաբար, մեկ անձը՝ կարող է դիմել նաև այլ անձանց համար՝ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ, իսկ մինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետևաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց», - ասված է հայտարարությունում։