17/03/2020 15:19
Լրատվական դաշտի ներկայացուցիչները վարչապետի խոսնակին մեղադրում են ապատեկեկատվություն տարածելու մեջ
Լրագրող Դիանա Դավթյանը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին կոչ է արել լրագրողների մասին ապատեղեկատվություն չտարածել: Նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծել է, որ օրեր առաջ Վայքում աշխատած որևէ լրագրող կորոնավիրուսի թեստավորումից չի հրաժարվել:
«Հակառակը՝ անսալով ձեր վարչապետի կոչին, պետությունից չենք թաքցրել որոշներիս մոտ առկա ջերմությունն ու հնարավոր վարակակիր լինելու հանգամանքը, բայց ի հեճուկս դրան սպասում ենք դեռ, որ մեզ, ի վերջո, կթեստավորեն: Միայն մի լրագրողի են թեստավորե՝լ էն էլ առողջապահության նախարարի խոսնակին դիմելուց հետո:
Հ.Գ. Հարգելի Մանե, երբ ասում են արտակարգ դրության ժամանակ ֆեյք նյուզ տարածել չի կարելի (առհասարակ ֆեյք նյուզ տարածել չի կարելի, իսկ հիմա՝ առավել ևս) դա քեզ էլ ա վերաբերում, երբ ասում են արտակարգ դրության ժամանակ պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն մի տարածեք, դա չի նշանակում, որ դու կարող ես քո ունեցած սխալ ինֆորմացիան որպես պաշտոնական տեղեկատվություն տարածել....թե բա՝ լրագրւղները հրաժարվել են թեստավորումից, լո՞ւրջ: Մեկնումեկի անունը գոնե կնշես», - գրել է լրագրողը:
Factor.am լրատվական կայքից էլ տեղեկացրել են, որ «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Վայք քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող Factor.am-ի նկարահանող խմբին կորոնավիրուսի առկայությունը ստուգելու նատակով թեստ հանձնել չի առաջարկվել՝ չնայած վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի պնդումներին, թե լրագրողները հրաժարվել են թեստավորումից:
«Այսօր Կառավարությունում հրավիրված ասուլիսում, հիշեցնենք, Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Վայքում աշխատած լրագրողների հետ կապ են հաստատել Առողջապահության նախարարությունից:
«Մենք տվել ենք ցուցակները, կապը հաստատվել է, բոլորից հետաքրքրվել են իրենց առողջական վիճակի մասին, ախտանիշների մասին են հարցրել, և առաջարկվել է, որ եթե ունեն համապատասխան ախտանիշները, իրենք գնան և անցնեն թեստավորումը: Գրեթե բոլորը, ինչքանով ես եմ տեղյակ, հրաժարվել են դրանից», - ասուլիսում ասել է Մանե Գևորգյանը:
Փաստում ենք, որ Վայքում աշխատած Factor.am-ի նկարահանող խմբից կապ են հաստատել միայն լրագրողի հետ, որը նշել է, որ ունի կոկորդի ցավ, սակայն ջերմություն՝ ոչ: Լրագրողին չեն առաջարկել թեստ հանձնել, նշել են միայն, որ տվյալները կփոխանցեն համանապատասխան գերատեսչությանը: Իսկ օպերատորի հետ ոչ ոք ընդհանրապես կապ չի հաստատել՝ չնայած այդ ժամանակ նա ունեցել է վիրուսի՝ ներկայացվող կլինիկական ախտանշանները՝ կոկորդի ցավ, գրիպի նշաններ, սովորականից մի փոքր բարձր ջերմություն:
Ըստ այդմ, վարչապետի խոսնակի հայտարարությունը, որ լրագրողները չեն ցանկացել թեստ հանձնել, առնվազն Factor.am-ի նկարահանող խմբի անդամների մասով, չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ Վայքի սրճարաններից մեկում, որտեղ քարոզչություն է իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ինչից հետո կորոնավիրուսի թեստ է անցել ու բացասական պատասխան ստացել, հայտնաբերվել է վարակակիրներից մեկը», - գրել է կայքը: