18/03/2020 20:30
Ամենամեծ պրոբլեմն անորոշությունն է. աշխարհը, որում ապրում էինք հունվարին, այլևս չի լինելու. Վարչապետ
Եթե նայում ենք համաշխարհային տնտեսությանն՝ ամենամեծ պրոբլեմն անորոշությունն է, ընդ որում, անորոշություն ասելով՝ ինչ է լինելու 5 ամիս հետո, 6 ամիս հետո ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական իմաստով, «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժամանակակից աշխարհում կորոնովիրուսի հետ կապված իրավիճակն այնպիսին է, որ դժվար է ասել՝ ինչն է ձեռնտու, ինչը՝ ձեռնտու չէ», - ասաց վարչապետը՝ պատասխանելով հարցին՝ աշխարհում նավթի գնի անկումը ձեռնտո՞ւ է Հայաստանին, թե՞ ոչ։
Փաշինյանն ասաց՝ մեծ անորոշություն կա նաև, թե ինչպիսին է լինելու սպառողների վարքագիծը։
«Աշխարհի բորսաները կանգնած են, ինչո՞ւ են կանգնած, որովհետև ոչ ոք չգիտի, թե այս համաճարակն ինչպես է ազդելու մարդկանց տնտեսական և սպառողական վարքագծի վրա: Հիմա կարող են մի բան ասել, որ այն աշխարհը, որում ապրում էինք հունվարին, այլևս չի լինելու, աշխարհը լինելու է բոլորովին ուրիշ», - ասաց Ն. Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ամենամեծ անորոշությունն այն է, թե կորոնավիրուսից հետո մարդիկ ինչի վրա են գումար ծախսելու, ինչ են նախընտրելու, ինչի միջոցով են փող աշխատելու։
«Մեր կառավարության դիրքորշումը հետևյալն է՝ այս անորոշությունները մեզ համար բացելու են նոր հնարավորություններ, հետևաբար՝ մենք այս ամենին պետք է նայենք ոչ թե որպես ողբերգություն, այլ պետք է սրան նայենք որպես հնարավորություն Հայաստանի տնտեսական, քաղաքական և բոլոր առումներով դիրքերն աշխարհում ուժեղացնելու համար:
Հույս ունեմ, որ սա ցինիկ չի հնչի, բայց այն տնտեսական հեղափոխությունը, որի մասին մենք ասում էինք... սա մենք դիտում ենք որպես զրոյական կետ, որպես ազդակ, որ տնտեսական հեղափոխության ժամանակն իրոք եկել է։ Հիմա ամեն ինչ փլուզվում է և մենք ունենում ենք մի մեծ շինհրապարակ, հետևաբար՝ մենք պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հնարավորություն, նոր հանրություն, նոր տնտեսություն կառուցելու մասին։
Ես կոչ եմ անում, որ բոլորս սա դիտենք որպես նոր հնարավորություն», - ասաց վարչապետը։