18/03/2020 12:33
Հանրային հեռուստաընկերության եթերում ամեն օր ժամը 8:30-9:30 լինելու են դասախություններ և դասեր. նախարար
Բուհերը հաստատել են, որ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով ուսուցում են իրականացնում: Սա նշանակում է, որ բուհերի մասով մենք խնդիրներ չենք ունենալու, ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին, ապա այստեղ մենք մեծ ոգևորություն ենք տեսնում: Որոշ ուսումնական հաստատություններ սկսել են կիրառել օնլայն հարթակները, և ես այդ դպրոցների ղեկավարներին ողջունում եմ՝ ասելով, որ նրանք մեր գործընկերներն են:
Չենք կարող ասել, որ այս պահին կարող ենք ապահովել բոլոր հնարավորությունները, քանի որ այս իրավիճակը պիլոտային է: Կոչ ենք անում բոլորին ջանքեր գործադրել՝ հաջողություն ունենալու պիլոտային այս իրավիճակում», - ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ամեն օր՝ առավոտյան ժամը 8:30-9:30, լինելու են դասախություններ և դասեր: Այնուհետև դրանք վերսկսվելու են ժամը 11:30-12:30:
«Ունենալու ենք նաև յութուբյան ալիք», - ասաց նա: