18/03/2020 21:08
Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Փաշինյան
Մեր տնտեսությանը միանշանակ պետք է աջակցենք, և առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը:
«Հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս, ո՞ր ճյուղերին, ընդ որում, թե որ ճյուղերին հարցին պատասխանելիս մենք պետք է միտվենք ոչ թե անցյալին, այլ՝ ապագային, ոչ միայն որ ճյուղերին, այլև՝ ինչպես», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ կառավարությունը փաթեթ է պատրաստել, ապա մանրամասնեց.
«Մի քանի օրվա մեջ այս փաթեթը կգործարկվի և գործնականում հնարավոր կլինի կիրառել։ Մենք ուզում ենք միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցենք, այլև՝ կոնկրետ մարդկանց, համոզված լինելով, որ մեր աջակցությունը կհասնի կոնկրետ մարդկանց։
Առաջին փուլով մենք 25 մլրդ դրամ կհատկացնենք հետևյալ ծրագրին և կասենք, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ հայաստանյան բանկերից՝ դրամական արտահայտությամբ, իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու համար, իրենց հարկային պարտավորություն կատարելու, իրենց կոմունալ վճարները վճարելու, հումք ձեռք բերելու համար, և էլի կետեր կլինեն, կհրապարակվի որոշումը, կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0 %-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 %-ով»։
Վարչապետը նշեց՝ ինչպես համաճարակից առաջ, այնպես էլ՝ համաճարակից հետո, մարդիկ շարունակում են սնվել:
«Հետևաբար, սա լավ ժամանակ է, ոպեսզի մենք լուրջ աջակցություն ցույց տանք մեր գյուղատնտեսությանը։ Մենք հիմա խնդիր ենք դրել այնպես անել, որ շատ արագ գյուղատնտեսության ոլորտի վարկերը սուբսիդավորենք այնքան, մինչև դրանք դառնան 0 %։ Այսինքն, մեր գյուղատնտեսությանը պետք է 0 %-անոց վարկեր տանք և քաջալերենք հնարավորինս շատ մարդկանց զբաղվել գյուղատնտեսությամբ։ Գյուղատնտեսությունը ճիշտ ոլորտն է, որտեղ կարելի է ներդրումներ անել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։