18/03/2020 17:44
Գինու արտադրության նուրբ արվեստն արտակարգ պայմաններում
Մարտի 16-ից ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Արմենիա Վայն» գինեգործարանը, անցել է հատուկ ռեժիմով աշխատանքի։
«Արմենիա Վայն» ընկերությունը գերակա խնդիր դիտարկելով հանրային առողջության պահպանումն ու աշխատակիցների անվտանգությունն ու բարորությունը, և միաժամանակ հավատարիմ մնալով տեղական և արտերկրի գործընկեր կառույցների առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև արտադրական գործընթացի անընդհատությունը ապահովելու նպատակով արտակարգ իրավիճակի պայմաններում կազմակերպել է հատուկ ռեժիմով աշխատանք: «Այս պահի մեր մարտահրավերը՝ համադրել բոլոր ջանքերը աշխատակիցների առողջության պահպանման գերխնդիրը լուծելու և արտադրական անընդհատ գործընթացների անխափանությունը ապահովելու նպատակով», - պատմում է «Արմենիա Վայն» ընկերության տնօրեն Մարինե Մելքոնյանը։
Ընկերության գրասենյակային աշխատակիցների մեծ մասն անցել է հեռավար աշխատանքի, այնուամենայնիվ ընկերության գործունեության բնույթն ու առանձնահատկությունները առաջադրում են նաև լրացուցիչ այլ խնդիրներ: Այն բաժիններում, որոնց աշխատանքը հնարավոր չէ դադարեցնել, օրինակ՝ որակի հսկողության լաբորատորիան, տեխնիկական սպասարկման ստորաբաժանումները և այլն, անցել են հերթափոխային ռեժիմի՝ նվազեցնելով միմյանց հետ շփումներն ու փոխգործակցությունը:
Արտադրության փուլերով պայմանավորված, այս պահին ընթանում է կոնյակի թորման պրոցես, որի ժամանակահատվածը հնարավոր չէ հետաձգել, և այն կշարունակվի մինչև ապրիլի կեսեր: Միաժամանակ պետք է իրականացվի կոնյակի սպիրտի հնացում, ընթանում է նաև գինու շշալցում, որն առաքվում է տեղական և արտերկրի շուկաներ: Ընկերության աշխատանքների մի մասը ընթանում են նաև բնության գրկում՝ խաղողի այգիներում: Այս փուլում՝ մինչև մայիսի վերջ իրականացվում են օրգանական այգիներում այգեհիմնում, էտի աշխատանքներ և այլն:
Արտադրամասերի աշխատանքների պարագայում, երբ հերթափոխային ռեժիմը հնարավոր չէ ամբողջովին կիրառել, ստեղծված են հատուկ պայմաններ և սահմանված է լրացուցիչ սանիտարական հսկողություն։ Թեև գինեգործարանի արտադրամասերում մշտապես ներդրված են սանիտարահիգիենական միջազգային չափանիշներ, որոնք հաստատված են համապատասխան վկայականներով, այդուհանդերձ կորոնավիրուսային վարակի վտանգից ելնելով, կատարվում են հատուկ միջոցառումներ: Բոլոր աշխատակիցներին հրահանգավորված է, որ նորմայից բարձր ջերմաստիճանի, մրսածության, կամ կորոնավիրուսային ինֆեկցիոն բնորոշ այլ ախտանիշների առկայության դեպքում չներկայանալ աշխատանքի և դիմել համապատասխան բուժհաստատություն: Աշխատանքի չեն ներկայանում նաև 60-ից ավել տարիք կամ խրոնիկ հիվանդություն ունեցող անձիք:
Աշխատանքային օրվա սկզբում պարտադիր կերպով չափվում է բոլոր աշխատակիցների մարմնի ջերմաստիճանը, բաժանվում են անհատական պահպանման միջոցներ՝ ձեռնոցներ, դիմակներ, ինչպես նաև այլ ախտահանիչ նյութեր։ Անվտանգության նկատառումներից ելնելով նաև պարբերաբար ախտահանվում են գործարանի տարածքն ու առաքում իրականացնող ավտոտնտեսության բոլոր ավտոմեքենաները։
Օրվա ընթացքում նաև կատարվում են սանիտարական շրջայցեր և աշխատակիցերի ջերմաստիճանի բարձացման, թուլության զգացողության կամ ինքնազգացողության վատացման առաջին իսկ նշանների պարագայում աշխատակիցները ուղղորդվում են համայնքի բուժհաստատություն։
Ապահովված է նաև հանգստի և ընդմիջումների ընթացքում սանիտարահիգիենական հսկողությունը: Հրահանգավորվել է պահպանել «սոցիալական հեռավորությունը», Ժամանակավորապես արգելվել է երեք հոգուց ավել խմբերով հավաքվելը, անգամ ճաշի ընդմինջումը կազմակերպվում է այնպես, որ աշխատակիցները հնարավորինս հեռու նստած լինեն միմյանցից։ Կողմնակի անձաց մուտքը սահմանափակելու նկատառումով որոշում է կայացվել նաև ժամանակավորապես՝ մինչև մարտի 23-ը, զբոսաշրջիկների և հյուրերի համար չկազմակերպել շրջայց-էքսկուրսիաներ, չի գործի նաև գործարանի տարածում գտնվող «Նազանի» ռեստորանը։
«Իհարկե, այսպիսի ռեժիմով աշխատանքի կազմակերպումը հեշտ խնդիր չէ, բայց անխափան արտադրական գործընթացի ապահովումը և տարիների աշխատանքի արդյունքի (կոնյակի և գինու հնացում և այլն) պահպանումը մեր մասնագիտական մարտահրավերն է: Ընկերությունը Հայաստանում գինի և կոնյակ արտադրող և արտահանող առաջատար ընկերություններից մեկն է, և մեր միջազգային գործընկերության երկարաժամկետ բնույթը մեզ պարտադրում է լինել առավել պատասխանատու և կազմակերպված: … Գինին արտադրական տեսանկյունից պահանջում է մշտական հոգատարություն և ուշադրություն: Իսկ օրվա ավարտին «Արմենիա Վայն»-ի մեկ գավաթ գինին վստահ եմ կբարձրացնի Ձեր տրամադրությունն ու դիմադրողականությունը, ինչը այդքան կարևոր է այս օրերին…», - նշել է «Արմենիա Վայն»-ի կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը։