19/03/2020 14:42
Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ․ մի մասն արդեն նախընտրել է օդային ճանապարհով ՀՀ վերադառնալ․ ԱԳՆ
Ներկայումս Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու գլխավոր հյուպատոսության կողմից տարվող աշխատանքները:
Քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր հյուպատոսի հորդորին, արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակը:
Բանակցություններ են տարվում վրաց գործընկերների հետ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ:
ԱԳՆ-ից ՀՀ քաղաքացիներին կոչ են անում սթափ գնահատել ներկա իրավիճակը, վստահել միայն պաշտոնական լրահոսին և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող տեղեկատվությանը։