19/03/2020 12:05
Կասպրշիկը անմիջական կապ է պահպանում զինվորական իշխանությունների հետ, սահմանին իրավիճակը կայուն հանգիստ է. ՊՆ
ԵԱՀԿ դիտարկումները դադարեցնելու մասին Անջեյ Կասպրշիկի հայտարարությունը վերաբերում է նաև արցախա-ադրբեջանական սահմանին իրականացվող պլանային պարբերաբար դիտարկումներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Դադարեցման մասին պաշտպանական գերատեսչությունը տեղեկացվել է նախապես և ընբռնումով է ընդունել որոշումը», - ասաց Շուշան Ստեփանյանը։
ՊՆ մամուլի խոսնակը հաղորդեց նաև, որ Անջեյ Կասպրշիկը շարունակում է անմիջական կապ պահպանել համապատասխան զինվորական իշխանությունների հետ։
Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, մամուլի խոսնակն ասաց, որ սահմանին այս պահին իրավիճակը կայուն հանգիստ է։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հաղորդել էր հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում դիտարկումները կորոնավիրուսի պատճառով դադարեցման մասին։