19/03/2020 17:13
ԱԺ նախագահն ու պատգամավորները մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցեն գանձապետական հաշվեհամարին
Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև՝ խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։
Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին», - նշել է Արարատ Միրզոյանը։