19/03/2020 16:23
ՏՏ հայ մասնագետների խումբը կմոդելավորի կորոնավիրուսի հնարավոր տարածումը Հայաստանում
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ձևավորված խմբի մասնագետների հետ, քննարկել առաջիկա քայլերն ու հնարավորությունները։
Խմբի ձևավորումը նպատակ ուներ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվության, տարածման գոտիների և այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի (COVID-19) ընդհանուր հավանական տարածման մոդելավորում իրականացնելու, ինչը լուրջ աջակցություն կարող է հանդիսանալ առողջապահական ոլորտի ենթակառուցվածքների աշխատանքի համար:
Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ հետազոտական խմբի գործունեությունը թույլ կտա իրավիճակի մասին հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն ստանալ, ինչը կնպաստի հիվանդության տարածման կանխարգելման աշխատանքների առավել լավ համակարգման իրականացմանն ու կառավարելի դարձնելուն:
Նախարարը կարևորել է գիտահեն այս նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ՝ միասնական նպատակի իրականացման գործում յուրաքանչյուր մասնագետի անհատական ջանքերի ներդրումը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև խմբի գործունեության ուղղությունները, ռեսուրսների անհրաժեշտությունն ու հնարավոր ժամկետները։
Նախագիծն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցության արդյունքում: