19/03/2020 10:41
Ինչ պատասխանատավություն է նախատեսվում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարել է արտակարգ դրություն։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հորդորում են անվերապահորեն ապահովել արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման, ինչպես նաև դրա հիման վրա պարետի և իրավասու պետական մարմինների կողմից ընդունված որոշումների, իրավասու մարմինների կողմից տրված ցուցումների կատարումը։
«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 182.3-ը պատասխանատվություն է սահմանում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար։
Մասնավորապես.
Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Արտակարգ դրության ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով», - ասված է կոնտրոնի հայտարարությունում: