20/03/2020 13:44
Մարկ Արենի «Անատոլիական պատմություն»-ը էկրանավորվել է. ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը. Լուսանկարներ
Մարկ Արենի՝ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն» ստեղծագործությունն էկրանավորվել է ու շուտով կհանձնվի հեռուստադիտողի դատին, այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի ֆեյբուքյան գրառումից:
«Դե ինչ, շատ շուտով` ապրիլին, առաջին ալիքի եթերում կլինի Մարկ Արենի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Անատոլիական պատմություն» ֆիլմը: 16 մաս, որը կարծում եմ դիտողին կպահի լարված: Սա մի ողջ ժողովրդի պատմություն է` կենտրոնացած մի մարդու կենսագրության մեջ», - իր գրառման մեջ նշել է ռեժիսորը:
Վերջինս նաև մանրամասնել է, որ գլխավոր դերում ֆրանսահահ դերասան Սերժ Ավետիքյանն է՝ եղեռնից փրկված ընտանիքի զավակ, նկարահանվել են Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Լուիզա Ղամբարյանը, Արթուր Մանուկյանը, Ներսես Ավետիսյանը, Մանե Մխոյանը, Արամ Կարախանյանը, Ռոզի Ավետիսովան, Արմեն Մարգարյանը, Արսեն Միքայելյանը, Արթուր Կարապետյանը և այլք:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Եվրոպայում, Արևմտյան Հայաստանում…
Գրական երկը սցենարի է վերածել Անահիտ Աղասարյանը: