20/03/2020 21:25
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. քննարկվում է մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվության հարցը
Ազգային ժողովն այս պահին արտահերթ նիստ է հրավիրել։
Օրակարգում Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագիծն է՝ առաջին և երկրորդ ընթերցումով։
«Հրատապությունը պայմանավորված է նրանով, որ առաջիկայում շաբաթ-կիրակի օրեր են և մոտ 600 ինքնամեկուսացված անձինք ունենք, առաջարկում ենք երկու ընթերցումն էլ կազմակերպել հրատապ», - ասաց հարցով հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց՝ կանոնակարգի համաձայն չեն կարող նիստերը շարունակել 23:00-ից հետո, իսկ վաղը շաբաթ օր է , հետևաբար չեն կարող նիստ գումարել։ Միրզոյանը կոչ արեց առաջին ընթերցումը կազմակերպել այսօր, իսկ երկրորդը՝ երկուշաբթի:
Միրզոյանի նշեց, որ ըստ կանոնակարգի՝ պատգամավորներն իրավունք ունեն 3 ժամվա ընթացքում առաջարկություներ ներկայացնել, ինչն այսօր չեն հասցնի։ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն առաջարկեց խմբակցությունների ղեկավարների համաձայնության դեպքում երեք ժամից պակաս ժամանակահատվածում առաջարկներ ներկայացնել կամ էլ համաձայնության գալ, որ չկան առաջարկներ ու անցնել երկրորդ ընթեցման։
ԱԺ նախագահն ասաց, եթե անգամ այս պահին բոլոր պատգամավորները միաձայն հայտարարեն, որ չունեն առաջարկներ, չի բացառվում, որ 2 ժամ հետո առաջարկներ ծագեն ու ստացվի, որ նրանց զրկել են ձայնի իրավունքից։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նկատեց՝ ԱԺ կանոնակարգը բացեր ունի, քանի որ հարմարեցված չէ արտակարգ դրության պայմաններում աշխատելուն։
«Արտակարգ դրության ժամանակ ԱԺ-ն հնարավորություն չունի արտակարգ ռեժիմով աշխատելու և կանոնակարգով սահմանափակված է սովորական ռեժիմով աշխատանք», - ասաց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցություն ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ եթե բոլոր խմբակցությունները պատրաստ են, ապա արտակարգ դրությունից ելնելով՝ պատրաստ են աշխատել մինչև գիշեր։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ընդգծեց, եթե օրենքի ընդունման ձևը չի պահպանվել, այն կարող է սահմանադրական խնդիրներ առաջացնել՝ կոչ անելով պահպանել ԱԺ կանոնակարգը։