20/03/2020 20:01
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ առցանց հարթակում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ևս, ինչպես հանրապետության մյուս մշակութային օջախները, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության կապակցությամբ անցել է առցանց աշխատանքային ռեժիմի:
Տուն-թանգարանը միացել է ՀՀ ԿԳՄՍՆ-ի «Տնից՝ թանգարան» նախաձեռնությանը և մշակել է մի շարք առցանց ծրագրեր՝ նպատակ ունենալով շարունակել հանրահռչակել Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, հետևորդներին ներկայացնել դասական երաժշտության գոհարները, ապահովել տարբեր տարիքային խմբերի կրթամշակութային ներգրավվածությունը:
Այցելուներին առաջարկում են «360 stories» ցանցում վիրտուալ շրջայց կատարել տուն-թանգարանում, ծանոթանալ տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը:
«Մեկ ցուցանմուշի պատմություն», «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարանից», «Տեսաֆիլմեր», «Ընթերցանության ժամ. Նամականի», շարքերը ներառում են լուսանկարներ՝ ուղեկցված հետաքրքրաշարժ պատմություններով, տեսանյութեր, վիկտորինայի ձևաչափով ինտերակտիվ հարցումներ և այլն:
Նախատեսվում է նաև այցելուների շրջանում մեծ ոգևորություն և ճանաչում գտած «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը նունյպես անցկացնել այս հարթակում: Մարտի 22-ին, ժամը 14:00-ին բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման, հրավիրում են մասնակցելու այս ծրագրին: Համագործակցելով այլ թանգարանների հետ՝ տուն-թանգարանը ներգրավել է նաև միջթանգարանային ծրագրերում:
Տուն-թանգարանի աշխատակիցներն այս օրերին մշակում են նաև կրթական, ժամանցային այլ ծրագրեր, որոնք առավել գրավիչ կդարձնեն առցանց հարթակը: