20/03/2020 16:35
Սեպտեմբերին Գոռ Մարտիրոսյանի ընտանիքում համալրում է սպասվում. դերասանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը
Դերասան Գոռ Մարտիրոսյանի, կամ ինչպես հանրությունն է սիրում նրան դիմել՝ «Բանակում»-ի Ջամշոյանի ընտանիքում կրկին համալրում է սպասվում. սեպտեմբերին լույս աշխարհ կգա դերասանի երկրորդ զավակը:
Նրանց առաջնեկն օգոստոսին 4 տարեկան կդառնա: Թե ի՞նչ սեռի բալիկ կլինի երկրորդը՝ ծնողներին չի հետաքրքրում: Ասում են՝ կարևորն առողջ լինի:
«Երեխան Աստծո պարգև է՝ ինչ սեռի էլ լինի: Չեմ թաքցնի, շատ էի ուզում, որ առաջնեկս տղա լիներ, ու փառք Աստծո՝ Վարդանս շուտով 4 տարեկան կդառնա: Չնայած ասեմ, որ առաջնեկիս աղջիկ լինելու դեպքում էլ ուրախությունս աշխարհով մեկ կլիներ», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Գոռը:
Կնոջ՝ Սյուզի Միլիտոսյանի համար էլ փոքրիկի սեռը նշանակություն չունի, հատկապես, որ նա սպասված բալիկ է ընտանիքում:
«Մեր տղան արդեն մանկապարտեզ է գնում, ու մեծ էր ցանկությունը՝ ևս մեկ բալիկ ունենալ ու մեծացնել: Սուրբ ծննդյան օրը՝ հունվարի 6-ին, իմացա, որ մեր ցանկությունը կատարվել է, մեր կյանքում նոր ու սպասված մարդ է ավելանալու: Շատ ենք ուրախացել ու հիմա անհամբեր սպասում ենք նրա ծնունդին», - ընդգծեց Սյուզի Միլիտոսյանը:
Դերասան հայրիկի որոշմամբ՝ առաջնեկը կրում է մայրական պապիկի՝ ծանրամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Վարդան Միլիտոսյանի անունը, երկրորդ զավակի անվան հարցում դերասանը դեռ չի կողմնորոշվել: Այս անգամ այդ նախաձեռնությունն իր վրա է վերցրել կինը, ով մեզ հետ զրույցում խոստովանեց.
«Ճիշտ է, որևէ անուն չենք մտածել, որոշել, բայց եթե աղջիկ լինի, շատ կցանկանամ, որ Գոռի մայրիկի անունն ունենա՝ Անահիտ: Դեռ Գոռի հետ այդ տարբերակը չենք քննարկել, բայց եթե աղջիկ լինի, ես հենց այդպես էլ անելու եմ: Ուզում եմ, որ իմ Գոռն իրեն երջանիկ զգա, ինձ համար էլ դա երջանկություն կլինի»:
Սյուզին չի թաքցնում՝ որդին պատրաստ չէ ընտանիքում նոր անդամի հայտնվելուն: Երբ հարցնում են՝ ուզո՞ւմ է քույր կամ եղբայր ունենալ, 4-ամյա Վարդանը բացասական պատասխան է տալիս:
«Շատ խանդոտ երեխա է, բայց ես մասնագիտությամբ հոգեբան եմ ու այս ամիսների ընթացքում իր հետ կաշխատեմ: Արդեն կամաց-կամաց պատրաստում եմ, չեմ կարծում, թե դժվարություններ կլինեն: Նաև, երեխաների խնամքի հարցով, վստահ եմ՝ թե՛ իմ, թե՛ Գոռի մայրիկն իմ կողքին կանգնած են ու կաջակցեն ամեն ինչով», - շեշտեց դերասանի կինը:
Ամուսիններն այս պահին զբաղված են իրենց նոր տան շինարարական աշխատանքներով, որպեսզի փոքրիկին դիմավորեն արդեն իրենց նորակառույց տանը:
«Աբովյան քաղաքում մեկ նոր տուն ձեռք բերեցինք ու այնտեղ արդեն մի քանի ամիս է՝ ծնողներս են ապրում: Այնտեղ իմ սիրած բնությունը, օդն ու ջուրն է: Մեր գնած երկրորդ տունը Երևանում է, որը մինչև բալիկիս ծնվելը պատրաստ կլինի ու նորամուտը հենց նրա գալուստով կնշենք: Ես բազմաբնակարան շենքեր չեմ սիրում, իմը սեփական տունն է, որտեղ ունես քո այգին, քո տարածքը, քո հարմարությունները ու փակված չես մի քանի պատի մեջ», - նկատեց Գոռ Մարտիրոսյանը:
Ի դեպ, մարտի 20-ին դերասանը նշում է ծննդյան տարեդարձը: Քանի որ այս օրերին կորոնավիիրուսով պայմանավորված Հայաստանում արտակարգ դրություն է սահմանված, ըստ որի արգելվում են նաև զանգվածային միջոցառումները, որտեղ կարող է 20 մարդուց ավելի լինել, Գոռը տարեդարձն իր նոր տանն է անցկացնելու: Ասում է՝ մինչև երեկո տան շինարարական աշխատանքով կզբաղվի, օրվա վերջում էլ կրակ կանի ու ավանդական խորոված կհյուրասիրի մտերիմներին:
Ամուսնուն շնորհավորելու առիթը բաց չթողեց նաև Սյուզին՝ չմոռանալով այս օրվա համար շնորհակալություն հայտնել նախ Գոռի ծնողներին:
«Շնորհակալ եմ իր ծնողներին ու Աստծուն, որ ունեմ իրեն՝ աշխարհի ամենաբարի ու նվիրված ամուսնուն, ամենահոգատար ու ուշադիր հայրիկին: Շնորհավորում եմ Գոռին ու մաղթում՝ միշտ առողջ լինի ու մեր կողքին», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա:
Լուսանկարները՝ Սերգեյ Հակոբյանի: