20/03/2020 09:35
«Իրատես». Պարետատունն ու պարետը պետք է զբաղվեն Հայաստանի վարչապետի տարածած խուճապը վերացնելով
«Իրատես» թերթը գրում է. «Պարետատունն ու պարետը պետք է զբաղվեն Հայաստանի վարչապետի տարածած խուճապը վերացնելով, հատուկ մարդիկ ուղարկեն նրա հետևից՝ զգուշացումներ անելու համար։ Այդպես են, չէ՞ վարվում, ըստ իրենց, խուճապ առաջացնող լուրերի առնչությամբ։
Նիկոլ Փաշինյանը երկու հակասական դիրքորոշում է այս օրերին որդեգրել։ Հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ հարցերի գրեթե կեսին պատասխանելիս հայտարարում է, թե ամեն ինչ այսօր անորոշ է, ոչ մեկը չգիտի, թե վաղը ինչ է լինելու, քանդվում է հին աշխարհը, նորն էլ դեռ պարզ չէ։ Սա խուճապային տրամադրություն չէ՞, մարդիկ կարող են, չէ՞, վախենալ այդ անկանխատեսելիությունից և օրինակ, սուպերմարկետները «սրբեն-տանեն», որովհետև վաղը կարող է անհասկանալի վիճակ ստեղծվել։ Կարող են, չէ՞, մտածել, որ եթե վաղն անորոշ է, գոնե այսօր իրենց քիչ թե շատ ապահովագրեն անհրաժեշտ սնունդով և հիգենիայի պարագաներով։
Սակայն նույն Նիկոլ Փաշինյանն ասում է, թե խուճապի մի մատնվեք, գարուն է, վայելեք եղինջն ու փիփերթը, անձամբ սուպերմարկետներով է ման գալիս, ասում է, թե ոչինչ, հիվանդացեք կորոնավիրուսով, որ իմունիտետ ձեռք բերեք, երկրորդ անգամ վարակվելիս ծանր չեք տանի։ Հիմա ի՞նչ անի հասարակությունը, պարետ, ի՞նչ անի Հայաստանի շարքային քաղաքացին, երկրի ո՞ր ղեկավարին հավատա։ Խուճապ ու անորոշություն տարածո՞ղ, թե՞ կորոնավիրուսը եղինջի կծոցով բուժող։
Անկախ այն բանից, թե ամեն հաջորդ օր նախորդի մտքերը հակասող ինչ հայտարարությամբ կարթնանա Փաշինյանը, վիրուսի տարածման վիճակագրությունն արդեն մտահոգիչ է։ Մեր երկրի բնակչության թվով պայմանավորված նոր դեպքերը բավական շատ են։ Ու եթե արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները վերաբերում են հիմնականում ԶԼՄ-ներին, պիտի փաստել, որ իշխանության հակասական հայտարարություններն ավելի են մեծացնում, Փաշինյանը կասեր, ժողովրդական բանահյուսությունը, որը սահմաններ չի ճանաչում։ Այսինքն, ԶԼՄ-ները կաշկանդված են, պաշտոնյաների խոսքը` ոչ վստահելի, տակը մնացին ժողովրդի շրջանում հյուսվող տարատեսակ լուրերը, որոնք հաստատ հօգուտ իշխանության չեն»: